Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

Դիլիջանյան օժիտից երկու մասունք և մի պատմություն հոգի ունեցող ձեռքերի մասին

Դիլիջանյան օժիտից երկու մասունք և մի պատմություն հոգի ունեցող ձեռքերի մասին
06.09.2023 | 16:34

Հին Դիլիջանում աղջկան ամուսնացնելիս, ունևոր ընտանիքներում ընդունված սովորույթ (ադաթ) է եղել, որ օժիտի (բաժինք) հետ, պարտադիր պետք է կարի մեքենա լիներ, կոմոդ, սնդուկ, «հաշիեն» էլ վրաները գցած:

1880-ականներից գերմանական «Զինգեր» կարի մեքենաներ սկսում են շատ բերել Հայաստան: Այս ընկերության ներկայացուցիչները շրջում ու վաճառում էին իրենց ապրանքը: Դիլիջանում գնված, 1886 թ. արտադրության «Զինգեր» կարի մեքենա ես էլ ունեմ, որը պատկանել է մորական պապիս տատին: Դստերն ամուսնացնելիս, 1910 թ. այն տվել է պապիս մորը: Մեծ տատս՝ դիլիջանցի Հայկանուշ Բարսեղի Ղուկասյանը, շատ է սիրել իր հարսին (իմ տատին) ու տվել է նրան, տատս՝ մորս, մայրս՝ ինձ...

Մինչև հիմա էլ աշխատում է: Եթե ուշադիր նայեք նկարին՝ վրայի բանալին նույնպես պահպանվել է, տատիս կարած ասեղաման-բարձիկն էլ:

Երկու իր Մեծ Տատիս օժիտից իմ տանն է՝ այս մեքենան ու դիլիջանյան ընկույզի փայտից պատրաստված սնդուկը, որի բռնակների զարդանախշերից Դիլիջանում հին իրերի վրա շատ եմ տեսել:

Մի 150 տարվա հնության է...

Այդ մասունքները, որքան էլ հին, թանկ ու նվիրական են: Որքա՜ն եմ պտտել մեքենայի անիվը, իսկ սնդուկի մեջ փոքր ժամանակ թաքնվում էինք պահմտոցի խաղալիս: Տատս սնդուկում ցորեն է պահել: Երբ բերեցի՝ մի փոքր ներկեցի, նորոգեցի:

Մորս ասելով՝ մեր տան իմ ամենասիրելի իրն է:

Մի պատմություն հիշեցի, որի մասին գրել է նաև պապիս մորաքրոջ տղան, անվանի գրող Վախթանգ Անանյանը: Պապիս մայրը մի զարմիկ է ունեցել՝ Ներսես Ղուկասյան անունով, որը Դիլիջանի ամենահայտնի ու շնորհալի դերձակն է եղել: Երբ կարի մեքենաները հայտնվել են, շատ է նեղվել ու անդադար կրկնել.

- Բա մարդ, Աստծու տված էս ձրի մատները կփոխի փողով մաշինի հե՞տ... Մոդա է դառել... «Զինգեր»-ն էս է, ա՜յ...,- ու ցույց է տվել իր մատները, որոնք նրա կարծիքով հոգի են ունեցել, իսկ մեքենան՝ ոչ:- Էս մատները մեռած չեն երկաթի նման, սրանք կենդանի են... Որ կենդանի են, ուրեմն հոգի ունեն: Բա որ հոգի չունենան, ես կզգա՞մ, թե ոնց եմ կարում, ի՞նչ եմ կարում և ո՞ւմ համար եմ կարում:

Պատմում են, որ նա իր մատներով զգացել է նույնիսկ, թե հագուստը ինչպիսին է ստացվելու, ո՞նց է նստելու հագնողի վրա ու դրանք այնքան արհեստավարժ են շարժվել, որ ինքնաբերաբար են կարել հագուստը: Միշտ հակված է եղել, այն կարծիքին, որ իր մատները զգում ու գործում են իր հոգու հրամանով: Եվ այդ դեպքում է, որ հագուստն էլ շնորքով է ստացվում:

1922 թ. Դիլիջանում գավառական ցուցահանդես է կազմակերպվում: Այդ ժամանակ Ներսեսը բարկացած ձեռքով կար անելու մրցության է հրավիրել Դիլիջանի դերձակներին: Եվ մրցանակը շահել է ինքը...

Ժամացույցին հետևող դատավորը հանդիսավոր կերպով հայտարարել է.

- Ներսես Ղուկասյանը տղամարդու շալվարը ձևել և կարել է տասը րոպեի ընթացքում:

Դազգահի մոտ կանգնած դիլիջանցիներից մեկն ասել է.

-Ինչքան աչքս սրեցի, չկարողացա տեսնել, թե ո՞նց է ասեղը շարժվում էդ մարդու ձեռքում:

Ներսեսը մահացել է 1926 թ.:

Մերի ՔԵՇԻՇՅԱՆ

Դիտվել է՝ 3990

Մեկնաբանություններ